« Türkiye’nin İşi Zor | Main | Thai markets maintain retreat »

Թուրքիան դժվարին ճանապարհ ունի անցնելու

Թուրքիայի տնտեսական և քաղաքական իրողությունները միայն բավական կլինեին երկրի արժեթղթերի շուկայում ամռանը գրանցված աշխուժությունը սպանելու համար: Իսկ Ռուսաստանի ներխուժումը Թուրքիայի դրկից Վրաստան դրան թափ հաղորդեց:

Ստամբուլի ազգային ֆոնդային բորսայի (ISE) համեմատական 100 ինդեքսը հուլիսի սկզբից մինչև օգոստոսի 4-ը` վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չարգելելու մասին Սահմանադրական դատարանի վճռին հաջորդած այդ ժամանակահատվածում, աճեց 28 տոկոսով: Այն ժամանակվա մոտ 43.000-ից ինդեքսն այսօր ընկել է 41.500-ից էլ ցած, որն, իմ գնահատմամբ, 2006-ի առաջին կեսից ցայսօր գրանցված շուրջ 45.500-ի հասնող տիրույթի նվազագույն ցուցանիշն է: (Տե՛ս «Թուրքիայի արժեթղթերի շուկան աշխուժանում է» հոդվածը, Էյժա Թայմզ, 8 օգոստոսի 2008թ.):

Թուրքիան ձգտում է նոր և անկախ արտաքին քաղաքականություն մշակել աննախադեպ իրավիճակում: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է երկու պայման. տարածաշրջանում իրավիճակի կայունացում (ռուսական զորքի Վրաստան ներխուժումից հետո սա ավելի անհավանական է, քան մինչ այդ), և ներքին քաղաքականության կայունացում: Սա էլ, թերևս, անորոշ է :

Կառավարությունը ձգտում է խորացնել իր էներգետիկ կապերը Իրանի հետ, հուսալով, որ Եվրոպան կորոշի փոքրացնել իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից` այդ կախվածությունն Իրանից մեծացնելու միջոցով: Սակայն Իրանն ակնբախորեն դուրս է մնացել Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմ (ԿԿՀՊ) (Caucasus Stability and Cooperation Platform - CSCP) ստեղծելու Թուրքիայի` վերջերս արած առաջարկից: Նրանում կընդգրկի Թուրքիան, Ռուսաստանը, հարավկովկասյան երեք պետությունները և գուցե նաև` այլոց (օրինակ` ԱՄՆ-ը), առնվազն որպես դիտորդներ:

Նման ֆորում ստեղծելու գաղափարը նոր չէ: ԿԿՀՊ-ը նույնն է, ինչ 1999-2000թթ. Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի առաջարկած` Կովկասի կայունության համաձայնագիրը: Միայն թե, Դեմիրելին հաջորդած կառավարությունը, որը գլխավորեց նրա երկար տարիների ախոյան Բուլենթ Էջեվիթը, անտեսեց այն:

Մի բան պարզ է, որ ԿԿՀՊ-ի նախաձեռնությունն անակնկալ էր շատերի համար: Դա ճակատագրական սխալ չէ, սակայն, անշուշտ, վատ պատրաստության ցուցանիշ է: Հատկապես պարզ չէ, թե ի՞նչ դեր ու նշանակություն պիտի ունենա այդ կառույցը տարածաշրջանի խնդիրներով արդեն զբաղվող` խառն անուններով ու հապավումներով տարածաշրջանային և անդրտարածաշրջանային կազմակերպությունների «տառապուրում»: Կամ, ժամանակակից բառապաշարով ասած, ո՞րը պիտի լինի նրա «ավելացված արժեքը»:

Մի թուրք վերլուծաբանի կարծիքով` Էրդողանը արևելյան հարևան Հայաստանի հետ հարաբերությունները լավացնելու քաղաքական պատրվակ է փնտրում` արևելյան Թուրքիայում տնտեսական վիճակը բարելավելու համար: Սա է, թերևս, Բաքու կատարած նրա այցի նպատակը՝ քննարկել առաջարկը Հայաստանի արևելյան հարևան Ադրբեջանի հետ, որն այժմ այնքան էլ չի հակադրվում այդ գաղափարին, ինչպես ավելի վաղ վերջին տաս տարիների ընթացքում, հասկանալով, որ Թուրքիայի կողմից շրջափակված լինելը միայն ուժեղացնում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:

(Շրջափակումն սկսվեց 1990-ականներին, սկզբից` Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ հակամարտության պատճառով): Սակայն վտանգ կա, որ Էրդողանը կարող է տպավորություն ստեղծել, թե նա ողջունում է ԿԿՀՊ-ում Ռուսաստանի մասնակցությունը` տարածաշրջանում Արևմուտքի ազդեցությունը թուլացնելու նպատակով:

Անցյալ շաբաթ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին ցուցաբերած ջերմ հյուրընկալությունն ամրապնդում է այդ տպավորությունը: Նրան, ի միջի այլոց, թույլ տրվեց չայցելել Աթաթուրքի հուշահամալիր, մինչդեռ օտար պետությունների բոլոր ղեկավարների համար դա պարտադիր դիվանագիտական միջոցառում է՝ ի նշան Թուրքիայի Հանրապետության հիմնադրի նկատմամբ հարգանքի: Թույլ տրվեց նաև, որ հեռուստախցիկները երկարուձիգ տեսագրեն նրան` Թուրքիայի գլխավոր մզկիթներից մեկում աղոթելիս: Թուրք մեկնաբանները նշեցին, որ այս վերջին հանգամանքը, Թուրքիայի ժամանակակից քաղաքական հասարակարգի աշխարհիկությունը խախտելուց բացի, իսլամական կրոնական ավանդույթի համաձայն` խախտում է նաև աղոթքի խիստ անձնական բնույթը:

Հանդիպումը չհանգեցրեց էներգետիկայի բնագավառում որևէ պայմանագրի կնքման, սակայն պետք չէ մտածել, թե այդ ձախողումը Իրանի միջուկային ծրագրին թշնամաբար վերաբերվող ԱՄՆ-ի ճնշման հետևանք է: Այլ, ինչպես Թուրքիայի էներգետիկայի նախարարն է ներկայացրել, խնդիրը ետգնման պայմանագրերում Թեհրանի առաջ քաշած պայմանների մեջ է: Իրանի նավթարդյունաբերության նախարարը հակադարձել է սա, ասելով, թե Թուրքիան «անտեղյակ է ետգնման պայմանագրերի մշակույթին»: Նրա ասելով` «պայամանգրի գնի բարձրակետը որոշվում է մրցույթի ավարտից հետո»: Գրեթե կարիք չկա ասելու, որ սա անհարիր հայեցակետ է: Մյուս կողմից` դժվար թե Թուրքիան անտեղյակ լինի այդ մշակույթին` հաշվի առնելով նրա տարիների փորձը Իրանի` նախորդ պայմանագրերի կատարման/չկատարման հարցում:

Թուրքիայի տնտեսական հարցերով խորհրդականները ներկյումս ահազանգում են ապրանքի գնաճի, ֆինանսավորման ծախսերի և արտադրական երաշխիքների ու ապահովագրական ծախքերի բացակայության առնչությամբ: Բացի այդ, Իրանի ներկայիս սահմանադրությունը արգելում է ճանաչել որևէ միջազգային դատարանի կամ միջնորդության իրավասությունը: Այսպիսի դժվարությունների է հանդիպում ոչ միայն Թուրքիան, այլ Իրանում էներգետիկայի բնագավառում յուրաքանչյուր օտարերկրյա ներդրող: Իրանը միայն իրեն կարող է մեղադրել արևմտյան ներդրումների բացակայության հարցում:

ԿԿՀՊ ստեղծելու նախաձեռնությամբ Թուրքիան փորձում է հասնել այն բանին, որ Ռուսաստանի ներխուժումը Վրաստան անհնար չդարձնի լրացուցիչ էներգետիկ խողովակաշարերի գոյությունը Հարավային Կովկասում: Ռուսական զորքերը չոչնչացրին Վրաստանի սևծովյան ափին գտնվող և Ադրբեջանին պատկանող էներգետիկ ենթակառուցվածքը: Որոշ տեղեկությունների համաձայն` դա կանխվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իր ռուս պաշտոնակից Դմիտրի Մեդվդևին արած հեռախոսազանգով: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարը, որն ավարտվում է Թուրքիայի միջերկրական ափեզրին, փակվեց Ռուսաստանի ներխուժումն սկսելուն պես, քրդերի սաբոտաժի պատճառով, թեև մոտ ապագայում նախատեսվում է վերագործարկել այն:

Կասպից ծովի արևելքում գտնվող Ղազախստանի նավթն արտահանվում է Վրաստանի միջով անցնող երկաթգծով: Հենց այս շաբաթ, ականի առնելով, պայթեց այդպիսի մի գնացք, վերջերս վերանորոգված արևելք-արևմուտք գլխավոր երկաթգծի վրա. մինչև Ռուսաստանի ներխուժումն այնտեղ ական չկար: Տարիներ տևած քննարկումներից հետո, այս ամառ միայն Ղազախստանն Ադրբեջանի հետ համաձայնության եկավ Թենգիզի և Քաշագանի իր հանքերից հում նավթը ԲԹՋ հասցնելու պայմանների շուրջ:

Այժմ դրա իրականացումը կասկածի տակ է, ինչպես որ կասկածի տակ է անդրկասպյան գազամուղի անցկացումը Ղազախստանի հարավային հարևան Թուրքմենստանից Հարավային Կովկասի միջով դեպի Թուրքիա և այնտեղից` Եվրոպա: Ադրբեջանի բնական գազի արդյունաբերությունն ամբողջությամբ գնելու և Ռուսաստանի միջով արտաքին շուկա հանելու վերաբերյալ Ռուսաստանի էներգետիկ հսկա Գազպրոմի արդեն կրկնված առաջարկը նոր իմաստ է ստանում Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի շարունակվող բռնագրավման պայմաններում:

Թուրքիայի տնտեսությանը դժվարին ճանապարհ էր սպասվում անցնելու նույնիսկ մինչև Ռուսաստանի ներխուժումը Վրաստան: Երկրի երկարաժամկետ արտաքին պարտքը գնահատվում է ներդրումային մակարդակից մի քանի նիշ ցածր: Ներկայիս ոչ մի նախաձեռնություն չի նպաստի կառավարության առաջ ծառացած ամենացայտուն տնտեսական հիմնախնդրի՝ ընթացիկ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի լուծմանը, որը 2002-ին (երբ Էրդողանի կուսակցությունն իշխանության եկավ) կազմում էր 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: 2007-ին այն հասավ 37 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ ընթացիկ տարվա վերջին, ըստ կանխատեսումների, կանցնի 50 միլիարդ ԱՄՆ դոլարից:

Ներկայումս խողովակաշարերը մեծ գումարներ չեն բերում, հատկապես Կասպից/Սև ծովի ավազանում: Դրանք հաճախ դիտվում են որպես տեղափախվող գազի կամ նաթի սեփականատեր հանդիսացող կոնսորցիումին մատուցվող ծառայություն: ԿԿՀՊ-ը չի լուծի Թուրքիայի հիմնական տնտեսական խնդիրները, որոնք բխում են երկրի վերջին վեց տարիների ներքին ֆինանսական և սոցիալական զարգացումներից: Դժվար է պահպանել լավատեսությունը ողջ աշխարհում սկսվող տնտեսական անկման համատեքստում:

[an error occurred while processing this directive]
Translation from analitika.at.ua of Turkey Has a Rough Road Ahead, first published in Asia Times Online, 28 August 2008.


RSS feed Atom feed Follow Facebook Networked Blog Twitter
notification

About

This page contains a single entry from the blog posted on August 28, 2008 1:00 PM.

The previous post in this blog was Türkiye’nin İşi Zor.

The next post in this blog is Thai markets maintain retreat.

Many more can be found on the main index page or by looking through the archives.

Powered by
Movable Type 3.33